Հայաստանի ազգային
պոլիտեխնիկական համալսարան
Հանրապետության միակ ինժեներական համալսարանը հիմնադրվել է 1933 թվականին՝ Շինարարական և Քիմիատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ: ՀԱՊՀ-ն իրավահաջորդն է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի։ Պոլիտեխնիկականը կարճ ժամանակում դարձավ երկրի արդյունաբերության մշտական ուղեկիցը, աճելով Հայաստանի արդյունաբերության տեմպերին համընթաց՝ այն դարձավ Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը: Պոլիտեխնիկն այսօր ազգային բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարներից է և հեղինակություն է վայելում ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս և այն վաղուց դիրքավորվել է որպես տեխնիկական գիտությունների խոշոր գիտահետազոտական կենտրոն։
Իր գործունեության 90 տարիների ընթացքում Պոլիտեխնիկը երկրին տվել է ավելի քան 130 հազար շրջանավարտ, որոնք ձևավորել են Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ներուժը, գիտատեխնիկական հանրությունը և արդյունաբերական ղեկավարությունը: